Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն: Այս մասին սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին ասել է Արցախի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ 2008-2016թթ. իրականացվել են Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով փախստականների կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների սոցիալ-կենցաղային և տնտեսական բնույթի համակարգման աշխատանքներ: Որպես փախստական հաշվառված 4130 ընտանիքներ պետությունից արդեն իսկ ստացել են ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն, որը սակայն չի կարող բավարարել իրենց պահանջները: Փախստականների շուրջ 27 տոկոսն ունի բնակպայմանների բարելավման խնդիր: Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի հետ համագործակցությամբ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակելի տան ձեռքբերման և վերանորոգման արտոնյալ վարկավորումից օգտվել է 50 փախստական ընտանիք:
Հիմնական խնդիրը փախստականների ավագ սերնդի լեզվական խնդիրն է, որի լուծման հարցն անվճար հոգում է Արցախի հանրապետության Կրթության և գիտության և սպորտի նախարարությունը՝ լեզվի տեսչության դասընթացների միջոցով:
2008-2016 թթ. 12 բնակավայրերում ընդունվել է 985 ընտանիք կամ 3507 անձ, որից 1540-ը՝ անչափահաս: Տրամադրվել են բնակելի տներ և 310 մլն դրամի ֆինանսական աջակցություն: