Խորհրդային միության նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, ով ներկայում ԱՄՆ-ում Բրաունի համալսարանի պրոֆեսոր է, պատմել է, թե ինչու է հայրը 1954թ. Ղրիմը հանձնել Ուկրաինային:
«Հայրս Ղրիմն Ուկրաինային է տվել, քանի որ եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ այն միացած է այդ երկրին: Եվ երբ այնտեղ սկսեցին զբաղվել տնտեսությամբ և որ ամենակարևորն է՝ մեկնարկեց ջրանցքի կառուցումը, որը հիմա, ցավոք, չի գործածվում, իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի, եթե ջրանցքի կառուցումն իրականացվի մեկ իրավաբանական անձի կողմից և Ղրիմը հանձնեցին Ուկրաինային այնպես, ինչպես վարվեցին շատ այլ տարածքների դեպքում»,-մեջբերում է Սերգեյ Խրուշչովի խոսքը «112 Украина» հեռուստաընկերությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես վստահեցնում է Սերգեյ Խրուշչովն` այդ որոշումը որևէ քաղաքական պատճառ չուներ ու ամենևին էլ նպատակ չէր հետապնդում գոհացնել ուկրաինական իշխանություններին կամ էլ նվեր մատուցել իր մորը:
«Դա կառուցվածքային ու ճիշտ որոշում էր: Ղրիմը սկսեց վերածնվել»,-հավելել է նա:
Ղրիմը, որը ՌՍՖՍՀ-ի տարածքում էր, 1954թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ գերագույն ղեկավարության որոշմամբ ներառվել է Ուկրաինայի կազմում: Շատերի կարծիքով՝ դա արվել է այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ։