ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը քննարկել իրանական կողմի հետ: Այս մասին ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ նախաձեռնված գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների ավարտից հետո միայն ՀՀ մշակույթի նախարարությունը հստակեցումներ կանի:
Իրանական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում: