Թուրքիայի նախագահի կին Էմինե Էրդողանն այցելել է Կուտուպալոնգ ճամբարը Բանգլադեշում, որտեղ գտնվում են հարևան Մյանմայից հարկադրաբար փախած մուսուլմանական փոքրամասնության ռոհինջա ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Մյանմայի Ռակհայն նահանգի մուսուլմանական բնակչության բռնաճնշումների դեմ:
"Չի կարելի աչք փակել Ռակհայնում տեղի ունեցող իրադարձությունների վրա միայն այն պատճառով, որ այնտեղ չեն ապրում մեր երեխաները: Կատարվող իրադարձությունների համար պատասխանատու են բոլորը: Չեմ կարողանում հավատալ, որ այսպիսի դաժանություններ կատարվում են մեր ժամանակներում, ընդ որում միջազգային հանրության աչքի առջև: Եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն, ոչ թե անմեղ մարդիկ" - նշել է Թուրքիայի նախագահի կինը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մյանմայի իրադարձություններն անվանել է "մուսուլմանների ցեղասպանություն" և հայտարարել է սեպտեմբերի 19-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստում այս հարցը բարձրացնելու մտադրության մասին: