Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան: Այս մասին դերասանն ասել է The Hollywood Reporter-ի հետ զրույցում:
«Մենք Ամալի հետ պայմանավորվել էինք, որ թույլ չենք տա, որպեսզի աշխատանքը մեզ ռիսկային դրության մեջ դնի: Դա տեղի ունեցավ, երբ Ամալը Մալդիվներում էր, որտեղ նա փորձում էր բանտից ազատել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա վերջապես լքեց Մալդիվները, փորձում էր գնալ Ադրբեջան, որտեղ հաճախորդ ուներ»,- ասել է Քլունին՝ խոստովանելով, որ ստիպված է եղել գործարքի գնալ կնոջ հետ, որպեսզի նրան հետ պահի Ադրբեջան այցից:
«Ես նրան հիշեցրի մեր պայմանավորվածության մասին: Ես համաձայնեցի չեղյալ համարել իմ ճանապարհորդությունը Հարավային Սուդան, որի դիմաց նա պետք է հրաժարվեր Ադրբեջան այցելությունից: Եվ նա համաձայնեց»,- պատմել է Քլունին:
Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին պաշտպանել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի շահերը, ով Բաքվում դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման: Քլունին նրա գործով հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Քլունին ՄԻԵԴ-ում նաև ներկայացրել է հայկական կողմի շահերը Փերինչեքի գործով, ով մեղադրվում էր հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ: