ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու կոնգրեսական Էլիոթ Էնգելը երկրի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խնդրել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ կանխելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի կամ այլ թուրք պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ հերթական բռնի միջադեպը, հայտնում է CNN-ը։
«Մենք պետք է համոզված լինենք, որ Թուրքական ազգային ոստիկանությունը և ուղեկցող անվտանգության աշխատակիցները հարգում են ԱՄՆ օրենքը և զերծ կմնան Թուրքիայի նախագահի պաշտպանության հետ կապ չունեցող ցանկացած ագրեսիվ գործողությունից», - Թիլերսոնին ուղղված նամակում գրել են ԱՄՆ պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդները Նյու Յորք կժամանեն հաջորդ շաբաթ՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի։