Սաուդյան Արաբիայի դեսպանատունը ֆինանսավորել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունների փորձը: Այսպիսի մեղադրանք է իր մեջ պարունակում ողբերգության մոտ 1400 զոհերի անունից Նյու Յորքի Մանհեթենի շրջանում դաշնային դատարան ներկայացրած հավաքական հայցը, փոխանցում է New York Post-ը:
«Մենք վաղուց էինք պնդում, որ «Ալ Քաիդայի» և Սաուդյան Արաբիայի կառավարությունում կրոնական տարրերի միջև երկարատև և սերտ հարաբերություններեն եղել»,- հայտարարել է հայցվորների առաջատար փաստաբան Շոն Քարթերը` նշելով, որ նման եզրակացության օգտին լրացուցիչ վկայություններ են ներկայացվել:
Հղում կատարելով ՀԴԲ-ի փաստաթղթերին՝ հայցվորները պնդում են, որ ԱՄՆ-ում որպես ուսանողներ գտնվող սաուդյան հպատակներ Մոհամմեդ ալ Քուդհաեյնը և Հանդան ալ Շալավին իրականում «պատկանում էին թագավորության գործակալական ցանցին»:
Նրանք Աֆղանստանում` ահաբեկիչների ընդհատակյա ճամբարներում, նախապատրաստվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրագործողների հետ միաժամանակ, իսկ Արիզոնայում գտնվելիս կապ են հաստատել ապագա առևանգողներից մեկի, ինչպես նաև Ուսամա բեն Լադենի վստահված անձի հետ, որն այժմ ԱՄՆ Գուանտանամոյի հատուկ բանտում է:
Նրանց խոսքով` երկուսն էլ աշխատել և ստացել են գումար Սաուդյան կառավարությունից: Քուդհաեյնը աշխատելիս է եղել Իսլամական գործերի նախարարությունում: Շալավին նույնպես «Սաուդյան կառավարության երկարամյա աշխատակից» էր: Զույգը «հաճախակի շփում» է ունեցել սաուդացի պաշտոնյաների հետ ԱՄՆ-ում եղած ժամանակ:
Նշվում է նաև, որ 1999 թվականի նոյեմբերին 2-ին Քուդհաեյնը և Շալավին America West ավիաընկերության Ֆինիքսից դեպի Վաշինգտոն չվերթի տոմսեր գնելով՝ թռիչքի ընթացքում մի քանի անգամ փորձել են օդաչուի խցիկ թափանցել: Նրանց հանձնարարված է եղել, չբացահայտվելով, ստուգել ԱՄՆ-ում ներքին չվերթների անվտանգության համակարգը: