Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացնելու, գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍԸ:
Արցախի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, ինչպես նաև աջակցել դիտարկման անցկացմանը: