Նյու Յորքի դատախազությունը որոշում է ընդունել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին կալանավորելու մասին: Համաձայն այդ որոշման, Չաղլայանին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով թուրքական «Ջումհուրիեթ»-ին:
Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, ինչպես նաև փողերի լվացմամբ զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարն աջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:
Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է վերցրել:
Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը: