Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում կայանալիք «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում են 16 ընկերություններ միասնական տաղավարով, հայտնում է NEWS.am-ը:
Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Նաև հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։
Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։
WorldFood Moscow 2017-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ՝ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։