Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը (Face ID), գրում է the Verge-ը:
Սարքը ներկայացնում էր ծրագրային ապահովման մշակման գծով Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: Երբ նա փորձել է արգելազերծել iPhone-ը, էկրանին հայտնվել է թվային կոդ գրելու առաջարկությունը: Ֆեդերիգին անմիջապես վերցրել է մի այլ սարք, որի հետ արդեն խնդիրներ չեն ծագել:
Նշվում է, որ այս վրիպումը հազիվ թե վկայի Apple-ի նոր սմարթֆոնի համակարգային խնդրի մասին: iPhone-ի մատնադրոշմների սքաներով մոդելները նույնպես թվային կոդ են պահանջում վերաբեռնումից հետո կամ այն դեպքում, երբ սարքը մի քանի ժամ չի օգտագործվել: