Թուրքիան ողջունում է սեպտեմբերի 25-ին նշանակված քրդական հանրաքվեի վերաբերյալ Իրաքի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որի համաձայն, պաշտոնական Բաղդադը դեմ է հանրաքվեի անցկացմանը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Մենք վճռական կերպով աջակցում ենք սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ Իրաքի ներկայացուցիչների խորհրդի որոշումը, ինչպես նաև քաղաքական միասնականության և տարածքային ամբողջականության վերաբերյալ նրանց դիրքորոշումը, - ասվում է հայտարարության մեջ: - Թուրքիան հույս ունի, որ Բաղդադի և Էրբիլի հարաբերությունները հիմնված կլինեն սահմանադրության և արդարության վրա»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը դեմ էր քվեարկել հանրաքվեի անցկացմանը: Պատգամավորները պարտավորեցրել են վարչապետ Հեյդար ալ-Աբադիին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրաքի միասնականության պահպանման համար, ինչպես նաև երկխոսություն սկսել Էրբիլի հետ ունեցած տարաձայնությունները վերացնելու նպատակով: