Իսրայելում Հայաստանի PR-ի շուրջ աշխատանքներ պետք է տարվեն։ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, փոխանցում է NEWS.am-ը:
Խոսելով վերջին ժամանակներում հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մասին` Ալեքսանդր Ցինկերն առաջին հերթին շեշտել է ուղիղ ավիահաղորդակցության բացումը։ «Մայիսից ուղիղ չվերթներ կան։ Հիմնականում ինքնաթիռները լիքն են»:
Ֆորումի համանախագահի խոսքով՝ ջանքեր են գործադրվում Իսրայելի ռադիոյով հայերեն հաղորդում թողարկելու ուղղությամբ, համագործակցության տարբեր ուղղություններ են որոնում։ «Վերջերս հարևան երկրի մամուլում սկսել են հրապարակումներ հայտնվել այն մասին, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում ակտիվացում չկա։ Որքան շատ են նման հոդվածները, այնքան ակտիվացումն ավելի շատ է։ Ես ուրախ եմ, որ դա այդպես է ազդում»,-նկատեց Ցինկերը՝ նշելով, որ երկու տարում հարաբերությունները բոլոր մակարդակներում ակտիվացել են։
«Երկկողմանի զբոսաշրջությունը զարգանում է։ Երկու ամիս առաջ իսրայելցի լրագրողները Հայաստան այցելեցին և շատ լավ տպավորություններով հայրենիք վերադարձան։ Լավագույն դիվանագիտությունը ժողովրդականն է։ Մարդիկ կայցելեն, կպատմեն։ Իսրայելում դա աշխատում է»,-նկատեց քաղաքագետը։