Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարևոր ու պահանջված է համարել և՛ Մայր Հայաստանի, և՛ Սփյուռքի, և՛ Արցախի համար, ընդգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն Արցախի պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:
«Կարևոր է նաև, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաև հանդիսանում է տարբեր ժողովուրդների և պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ», - նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող և արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում: