Սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն հանդես է եկել ելույթով, որի ժամանակ ասել է. «Հայաստանը հայուն հավաքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը», փոխանցում է Արցախպրեսը, «Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին»:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ։ «Անհրաժեշտ է բաց լինել վաղվա օրվա նոր հորիզոններին և հակազդել մարտահրավերներին։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնայնություն է»,– ընդգծել է Արամ Ա–ն։ Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու սփյուռքը միայն գործընկերներ չեն։ Արամ Ա-ն նշել է, որ անհրաժեշտ է արդյունավետ եւ ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը։
«Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և հակառակը»,– ասել է Արամ Ա կաթողիկոսը։