«Հայաստան-սփյուռք» համաժողովները կարևոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Հայաստան - Սփյուռք» վեցերորդ Համաժողովի Բացման ժամանակ:
«Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:
Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը և Սփյուռքում ազգային կյանքը:
Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:
Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում:
Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը և ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի և ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը:
Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով:
Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է:
Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված և մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրև ազգի զավակ, իբրև կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս և ի սփյուռս միասնաբար:
Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման:
Մեր երկիրը հեռու պիտի պահենք ցնցումներից և ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու և հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին: Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների և լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման և առաջընթացի:
Թող Աստված խաղաղ պահի աշխարհը, մեր երկիրն ու համայն ժողովրդին: Մեր Տիրոջ շնորհները, սերն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ: Ամեն»,- եզրափակել է իր խոսքը Գարեգին Բ-ն: