Պաշտոնական Բաքուն պարբերաբար փորձում է կրոնական բնույթ հաղորդել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում, ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, փոխանցում է News.am-ը:
Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ո՛չ կրոնական է և ո՛չ էլ տարածքային։ «Դա առաջին հերթին երկու տարբեր քաղաքակրթությունների հակամարտություն է։ Մի կողմից՝ ղարաբաղյան և հայկական, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական, որը հիմնված է հալածանքների, արտաքին քաղաքականությունում ուժի կիրառման վրա»,– ասաց Կարեն Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ իսլամական գործոնի չարաշահումը մտահոգիչ է հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի ենթատեքստում։ «Այսօր ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են բազմաթիվ ադրբեջանցիներ։ Իսկ Ադրբեջանն ապօրինի զենք է մատակարարում ահաբեկիչներին»,– նշեց Միրզոյանը։
Արտգործնախարարը նշեց, որ ԼՂՀ–ն իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ է տեսել, դիմակայել շատ մարտահրավերների։ «Եվ այսօր ամեն րոպե մենք բախվում ենք նոր մարտահրավերների։ Մեր հիմնական մարտահրավերն է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հակամարտությունը կարելի է լուծել միջազգային սկզբունքների, առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Դա թույլ կտա ոչ միայն հայկական երկու պետությունների համար նորմալ զարգացում ապահովել, այլև էականորեն կբարելավի իրավիճակը տարածաշրջանում»,– նշեց Միրզոյանը։