Այս տարվա հունիսից մինչև օգոստոս «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել են պեղումներ:
Արգելոցի տարածքում պեղումներ իրականացնող «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց պեղումների նպատակը եղել է մելիքական տապանատան հայտնաբերումը, վերականգնումը, ընդհանուր ուսումնասիրությունը:
Երանյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեին հայտնաբերելու Մելիք Եգանի և մի քանի այլ մելիքների, մասնավորապես, Մելիք Արամի, Եսայիի, ովքեր Մելիքի որդիներն են և Մելիք Եգանի հոր՝ Ղուկաս Վարդապետի թաղումների հստակ վայրը:
«Տապանաքարերը տեղաշարժված են եղել, և մենք պեղումներն իրականացրել ենք, որ գտնենք թաղվածների ճիշտ վայրը: Արդյունքում՝ մենք Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավ-արևմտյան հատվածում վավերագրել ենք քառակուսի հատակագծով տնտեսական նշանակության մի սենյակ, որի մեջ հայտնաբերել ենք 18-րդ դարում Արցախում ձուլված 170 արծաթե մետաղադրամ, որոնք ուսումնասիրվել են դրամագետ Արամ Վարդանյանի կողմից:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ գտածոնների մի մասը ձուլվել են Գանձակում և Պարսկաստանում. կան նաև 3 այլ դրամներ ևս, որոնք չեն գործածվել այս տարածքում, բայց հայտնվել են դրամների մեջ»,-մանրամասնել է Ն. Երանյանը: