Հայերը իրավունք չունեն հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքները ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկը մյուսի նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից` այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել:
Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար:
Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` այս ճանապարհին պետք է լինել ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվել բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը:
«Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք», ասել է Կարապետյանը: