Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին, փոխանցում է Արցախպրեսը:
«Ուղիղ երկու ամիս՝ մինչև դեկտեմբերի 11-ը, դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք»,- տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։
Փառատոնը կհամախմբի նաև հայաստանյան և արտերկրից հատուկ փառատոնի համար ժամանած կոլեկտիվներին։ Ինչպես ամեն տարի՝ Խաչատրյանի փառատոնի համերգներին կարելի է հետևել առցանց khachaturianfestival.com կայքի միջոցով։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։