ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ:
- Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Հայաստանի անկախացումը Ձեր համայնքի համար:
- Անկախությունը մեզ համար մեծ նշանակություն ունեցավ: Մինչև անկախանալը եզդիներին պետականորեն չէին ճանաչում որպես առանձին էթնիկ ազգ: Եզդիներին շփոթում էին քրդերի հետ: Իսկ անկախությունից հետո մեզ սկսեցին ճանաչել որպես առանձին ազգ: Ճանաչվեց նաև մեր լեզուն` եզդիերենը, մեր կրոնը` շարֆադինը: Դպրոցներ բացվեցին մեզ համար. ներկայում 60-ից ավելի դպրոցներ կան, որտեղ դասավանդում են եզդիերեն լեզու և գրականություն առարկան: Նախկինում դասավանդվում էր քրդերեն լեզվով: Նախկինում Հանրային ռադիոյով հեռարձակվում էին հաղորդումներ միայն քրդերեն լեզվով, իսկ այժմ արդեն կա եզդիերեն հաղորդումների բաժին, ունենք մեր առանձին թերթը, ակադեմիայում երկու հաստիք ունենք, բացվել է նաև եզդի գրողների բաժանմունք: Հայաստանի անկախացումից հետո մենք էլ անկախացանք: Մենք շատ շնորհակալ ենք, որ ամբողջ աշխարհում մեզ սկսեցին ճանաչել որպես առանձին ազգ:
Երբ 2002թ. մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետականորեն ճանաչեց եզդիերենը, դրա հիման վրա էլ ԵԽ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը նույնպես ճանաչեցին մեր լեզուն և մեզ` որպես առանձին ազգ: Սա բացառիկ երևույթ էր: Ամբողջ աշխարհում կա 3 մլն եզդի, բայց նրանց պետականորեն ոչ մի երկրում չէին ճանաչում, դա առաջինը տեղի ունեցավ Հայաստանում, որի համար շատ շնորհակալ ենք հայ ազգից և հայոց պետականությունից:
- Ո՞րն է անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման Ձեր տեսլականը:
- Առաջին հերթին հարկավոր է ավելի շատ բարեփոխումներ իրականացնել, նոր աշխատատեղեր բացել, աշխատավարձը բարձրացնել, կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքար մղել: Հարկ եմ համարում նշել, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել գյուղատնտեսությանը` հատկապես հարկավոր է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել անասնապահության զարգացման համար:
- Եզդիական համայնքը ինչպե՞ս է պատրաստվում ՀՀ Անկախության տոնին:
- Ցանկացած պարագայում մենք հայ ժողովուրդի հետ միասին ենք` պատրաստ տոնելու և ուրախանալու: Եզդիները հայերի կողքին են եղել ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այնպես էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Երկուսի ընթացքում էլ զոհեր ենք ունեցել: (Հիշում է Քյարամ Սլոյանին, ում ադրբեջանցիները բարբարոսաբար և անմարդկային ձևով գլխատեցին): Թող Ադրբեջանը շատ լավ իմանա, որ եզդիները միշտ եղել են ու միշտ էլ կանգնած են լինելու հայերի կողքին: Լինելու ենք մեր բարեկամ ժողովրդի կողքին, որովհետև հայերը իրավացի են. այդ հողերը իրենց պապական հողերն են: Ստորաբար, բարբարոս, ստիպողական ձևով չի կարելի հող վերցնել կամ ժողովրդին ստրկացնել կամ փորձել Ղարաբաղի ժողովրդի մշակույթը վերացնել աշխարհի երեսից: Ինչքան էլ Ադրբեջանը ցանկանա պատերազմ հրահրել և բարբարոսություններ կատարել, դրանով հարց չի կարող լուծել: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նման երևույթները: