Այսօր «Արմեդիա» ՏՎԳ-ն նշում է իր հիմնադրման 12-րդ տարեդարձը: Ստեղծման օրվանից ի վեր` «Արմեդիա»-ի առաքելությունն է եղել հայ ընթերցողին ցույց տալ աշխարհն ու Հայաստանն առավել լայն՝ աշխարհաքաղաքական ընկալմամբ:
Արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային զարգացումները, քաղաքական մեկնաբանությունները և վերլուծությունը, համաշխարհային նորություններին «հայկական հայացքը» և աշխարհի խնդիրները հայկական հեռանկարում. սա այն է, ինչով մեր գործակալության նյութերը տարբերվել և տարբերվելու են մյուս ԶԼՄ-ների նյութերից:
«Արմեդիա» ՏՎԳ-ի կայացվածության, առաջընթացի ու հաջողությունների մեջ իր ներդրումն է ունեցել և ունի Արմեդիա Թիմի յուրաքանչյուր անդամ յուրովի: Արվող աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն և նվիրվածություն, արվող գործի կարևորության գիտակցում. սա է մեր Թիմի ուժն ու յուրահատկությունը:
Պատահական չէ, որ «Արմեդիա» ՏՎԳ-ի ծննդյան օրը համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա հետ: Թիմի յուրաքանչյուր անհատ առանձին և թիմն ընդհանուր գիտակցում են այս տոնի արժեքը ողջ հայության համար, գնահատում են անկախացման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր մարդկանց ջանքերը և փորձում են թեկուզ շատ փոքր, սակայն իրենց ներդրումը ևս ունենալ երկրի անկախության ամրապնդման ու հզորացման գործում:
«Արմեդիա» ՏՎԳ-ն հենց այն հարթակն է, որով Թիմն այդ ներդրումն անելու հնարավորությունն է ստացել: Հուսով ենք, որ այս հարթակն իր նպատակին կծառայի, իսկ դրա համար Թիմը որևէ ջանք չի խնայի…
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն: Շնորհավո՛ր ծնունդդ, «Արմեդիա՛» ՏՎԳ: