ԱՄՆ-ի հայկական, քրդական և ասորական կազմակերպությունները Նյու Յորքում բողոքի ցույց կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ, հայտնում է «Արմենպրես»-ը: Ցույցը կանցկացվի «Հավաք հանուն ազատության» խորագրով:
Ցույցի կազմակերպիչներից են Հյուսիսային Ամերիկայի քրդական ալյանսը, «Քևոք» հիմնադրամը, «Նոր Անգլիայի քրդեր» կազմակերպությունը, ԱՄՆ արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հունական խորհուրդը և այլ կազմակերպություններ:
«Ավտորիտար նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այցելելու են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Միացեք մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով կազմակերպություններին և ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ ատելության, անհանդուրժողականության և բռնատիրության: Ասեք Էրդողանին և Ալիևին, որ նրանց գալուստն ԱՄՆ ցանկալի չէ», - ասված է ցույցին միանալու կոչում: