ԱՄՆ-ն կտրականապես դեմ է հանդես գալիս Իրաքյան Քրդստանում հաջորդ շաբաթ կայանալիք հանրաքվեին` կոչ անելով բանակցություններ սկսել Իրաքի ֆեդերալ կառավարության հետ: «РИА Новости»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպը:
«ԱՄՆ-ն կտրականապես դեմ է հանդես գալիս Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին նախատեսվող հանրաքվեին: Իրաքի բոլոր հարևան երկրները և գրեթե ողջ միջազգային հանրությունը ևս դեմ են հանդես գալիս», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն «իրաքյան քրեդերի առաջնորդներին կոչ է անում այլընտրանք ընդունել, այն է`ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և այլ գործընկերների միջնորդությամբ լուրջ երկխոսություն սկսել Իրաքի կենտրոնական կառավարության հետ մտավախություն առաջացնող բոլոր հարցերի, այդ թվում Բաղդադի և Էրբիլի հարաբերությունների վերաբերյալ»:
Պետդեպում հայտարարել են, որ հանրաքվեի անցկացման պարագայում ֆեդերալ կառավարության և Իրաքյան Քրդստանի իշխանությունների միջև բանակցությունները «քիչ հավանական» կդառնան: