Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Այս մասին «Ամերիկայի Ձայնին» հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք համաժողովին որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարությանը, Նալբանդյանն ընդգծեց. «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։
Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։
Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։