Ցանկանում եմ օգնել ու մի քիչ բացել երկխոսությունը. Կարո Փայլան

13:14     22 սեպտեմբերի, 2017

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ասել է, որ հարաբերությունների սառած վիճակը վնաս է թե’ Հայաստանին, թե’ Թուրքիային, փոխանցում է Արցախպրեսը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Փայլանը նշեց, որ այցի նպատակը միայն համաժողովը չէր, այլ հայ-թուրքական կապերը, որոնց  համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ: «Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը»,-նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նա քննարկել է հենց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

«Հանդիպել եմ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, հանդիպելու եմ նախագահ Սարգսյանի հետ: Գիտեմ, որ նրանք նորից պատրաստ են բացելու երկխոսության դուռը, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի: Վերադառնալով Թուրքիա՝ կխոսեմ թուրք նախարարների հետ: Այդ դուռը մի քիչ բացելու համար պետք է ջանալ»- նշել է Փայլանը:

«Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ և ինքնավստահ այս անգամ: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն ունենք, և ես այստեղ եմ այդ պատասխանատվության համար»,-ասել է  Կարո Փայլանը: 

 


© armedia.am