Երևանում կայացավ «Вместе» բարեգործական համերգը` ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն` Կոբզոնն առաջին երգը նվիրեց հայրենի Ռուսաստանին, հետո անդրադարձավ հայկական թեմատիկային, ինչպես նաև խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովին:
«Թուխմանովն իմ համակուրսեցին էր: Մենք ընկերացանք: Երբեմն պատահում էր, որ միասին գնում էինք այգեքաղի, բայց պետք է խոստովանեմ, որ նա լավ աշխատող չէր, ալարկոտություն էր անում: Եթե ես իմանայի, որ նա այդքան տաղանդավոր կոմպոզիտոր է դառնալու, վստահեցնում եմ՝ նրա փոխարեն կարտոֆիլով լի զամբյուղը կտանեի»,-ժպիտով պատմեց արտիստը:
Հետո հիշեցրեց իր սիրելի ընկերոջ ազգությունը՝ մեծ նշանակություն տալով դրան:
«Իսկ դուք գիտե՞ք, թե Թուխմանովն ինչ ազգություն ունի: Նա հայ է, այն էլ արցախցի հայ»,-ասաց Կոբզոնը:
Այնուհետև նա «Эти глаза напротив» երգը նվիրեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Կատարումից առաջ Կոբզոնն ասաց, որ անչափ գնահատում է առաջին տիկնոջը:
«Ես հիացած եմ Ռիտա Սարգսյանով: Նա հետաքրքրության մեծ շրջանակ ունի, իր վրա մեծ պատասխանատվություն է կրում՝ նախագահի կինը լինելով: Նա հոգ է տանում նաև իմ երաժիշտ կոլեգաների մասին: Եվ այս իմաստով ես սպասում եմ, որ մեր նախագահն էլ առաջին տիկին ունենա»,- ասել է Կոբզոնը: