Աշխարհի ճնշման տակ գտնվող քրդերը համառորեն շարժվում են իրենց նպատակի ուղղությամբ, այն է` անկախ պետության ստեղծումը։ Իսկ նրանց գլխավորում է 71-ամյա Մասուդ Բարզանին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Վլադիմիր Արդաևը:
Նա կրում է իր հայտնի նախահոր անունը, որը քրդական առաջնորդ Բարզանիների ցեղի հիմնադիրներից է եղել։ Նրա հետնորդը եղել է Մուստաֆա Բարզանին, որը զենք է վերցրել 16 տարեկանում, որպեսզի փառքի արժանանա անգլիացիների թուրքերի, իրանցիների ու իրաքցիների դեմ մարտերում ու արշավներում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նա օգնել է փրկել հայ ընտանիքներին։
Մասուդ Բարզանին հորն առաջին անգամ տեսնել է 12 տարեկանում, բայց ամբողջ կյանքի ընթացքում ձգտել է արժանի մնալ նրա փառքին։ 16 տարեկանում հոր նման թողել է ուսումն ու «Փեշմերգա» քրդական աշխարհազորի ջոկատ մտել։ Այստեղից սկսել է ռազմական ու քաղաքական գործչի կարիերան։
1979 թվականին` հոր մահվանից հետո, զբաղեցրել է հոր տեղը և դարձել Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ 2005 թվականի ամռանը Իրաքի Քրդստանի նախագահ է ընտրվել։
Մասուդ Բարզանին հոր պես ճարտասան չէ. նա ավելի քչախոս է։ Նա զգույշ է գնահատականներ տալիս, միշտ քաղաքավարի է իր քաղաքական ընդդիմախոսների հետ ու զգուշորեն խուսափում է կտրուկ արտահայտություններից։ Նա չի ընդունում մաքսիմալիզմն ու ծայրահեղականությունը, իրատես է ու խոսքի տերը։ Ութ երեխայի հայր է, խոսում է չորս լեզվով։