Չնայած նախօրեին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթեց կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը, սակայն այս ընտրությունները շրջադարձային նշանակություն ունեն Գերմանիայի քաղաքական կյանքի վրա: Այսպես, չնայած Անգելա Մերկելը 4-րդ անգամ անընդմեջ ապահովում է իր համար կանցլերի պաշտոնը, սակայն այս քվեարկության արդյունքներն ամենավատն էին Մերկելի համար: Մյուս կողմից աջ ազգայնականները հետպատերազմյան Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ դարձան Գերմանիայի քաղաքական իսթեբլիշմենթի մաս՝ մի բան, որը, չնայած արդեն սովորական երևույթ է դարձել եվրոպական երկրներում, սակայն Գերմանիայում թվում էր անհնարին:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին կայացած քվեարկության արդյունքները պաշտոնապես հայտարարվելու է միայն հոկտեմբերի 12-ին, սակայն արդեն հայտնի է, որ նոր գումարման Գերմանիայի խորհրդարանում կլինի մի քանի տասնյակով ավելի մանդատ, քան ուներ նախորդը՝ 709-ը՝ 631-ի փոխարեն։ Սա պայմանավորված է այն հանգամաքով, որ հաշվարկի ժամանակ առաջին անգամ բաշխվել են այպես կոչված «փոխհատուցող» մանդատներ, որպեսզի Բունդեսթագի կազմը հստակ համապատասխանի ընտրողների կամքին։
Մերկելի գլխավորած դաշինքը հավաքել է 33 տոկոս ձայն։ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 20.5 տոկոսը։ Սա այս երկու կուսակցությունների համար էլ պատմության մեջ վատագույն արդյունքն է: Առաջատարների եռյակը եզրափակում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12.6 տոկոսը։ Բացի այդ, 5 տոկոսի շեմը հաղթահարել են և Բունդեսթագում կներկայացվեն Ազատ դեմոկրատական կուսակցությունը (10,7 տոկոս), «Ձախերը»(9,2 տոկոս), «Կանաչները» (8,9 տոկոս)։
Այսպիսով, Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը ստանում է նոր խորհրդարանում 246 աթոռ (նախկինում 311), Սոցիալ-դեմոկրատները՝ 153 տեղ (նախկինում 193), «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստանում է 94 տեղ, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 80 տեղ։ «Ձախեր»-ի խմբակցության մանդատը կավելանա՝ նախկին 64-ից դառնալով 69-ը, իսկ «Կանաչներ»-ինը նախկին 63-ից կդառնա 67։
Նշենք, որ Գերմանիայի քաղաքական երկու հիմնական ուժերի` Մերկելի գլխավորած դաշինքի և սոցիալ-դեմոկրատական կուսակցության արդյունքները մեծ հաշվով կանխատեսելի էին. սոցհարցումները հենց նման արդյունք էլ նախատեսում էին վերջիններիս համար: Անսպասելին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության արդյունքն է. սոցհարցումների համաձայն՝ միգրանտներ ընդունելուն դեմ հանդես եկող այս նորաստեղծ կուսակցությունը պետք է հաղթահարեր 5 տոկոսի շեմը, սակայն որ այն կդառնա Բունդեսթագում երրորդ ուժը, ոչ ոք չէր կանխատեսում:
Գերմանիայում մեծամասնության կառավարություն կազմելու և կանցլերին ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 355 մանդատ: Ամենայն հավանականությամբ Մերկելը կոալիցա կկազմի «Կանաչների» և «Ազատ դեմոկրատների» կուսակցության հետ, քանի որ Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին կոալիցա կազմել Մերկելի կուսակցության հետ և գնում է ընդդիմություն: Ընդդիմությունում մնալու մասին, ինչպես և ակնկալվում էր, հայտարարել է նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Կոալիցիայում հայտնվելու շանսեր չունեն նաև Ձախեր: Արդյունքում, «Յամայկա»-ն կոալիցիայի (այդպես է կոչվում, քանի որ նրա մեջ մտնող կուսակցություններն ունեն Յամայկայի դրոշի գույները՝ ՔԴՄ-ն՝ սև, Ազատ դեմոկրատները՝ դեղին, Կանաչները՝ կանաչ) միակ հնարավոր տարբերակն է: