Պաշտոնական Բաղդադը մտադիր չէ Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ քննարկել անկախության մասին հանրաքվեի արդյունքները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
«Մենք պատրաստ չենք քննարկել կամ երկխոսություն սկսել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, քանի որ այն սահմանադրական չէ», - հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել «կեղծիքներ, մանիպուլյացիա և սպառնալիքներ քաղաքացիներին»:
Ըստ նախնական տվյալների, երկուշաբթի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում քաղաքացիների 95%-ն «այո» է ասել անկախությանը: