Բունդեսթագի ընտրություններն իրենց վրա հրավիրեցին միջազգային բավական լայն ուշադրություն, ինչն առաջին հերթին կապված է ԵՄ-ում և ընդհանրապես աշխարհում Գերմանիայի դերակատարմամբ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 30-ից ավել կուսակցությունների նախընտրական շեմը կարողացավ հաղթահարել միայն 5 կուսակցություն:
Դեռ նախընտրական շրջանում պարզ էր, որ հիմնական պայքարը պետք է ընթանա Քրիստոնյա-
Չնայած ոչ ցանկալի արդյունքով, այնուամենայնիվ ՔԴՄ-ՔՍՄ-ին հաջողվեց ստանալ հարաբերական մեծամասնություն և կոալիցիա ձևավորելու հնարավորություն, իսկ Անգելա Մերկելին՝ ևս մեկ անգամ դառնալ Գերմանիայի կանցլեր: Ի դեպ, 63-ամյա Մերկելը կլինի Գերմանիայի պատմության մեջ 3-րդ կանցլերը (Կոնրադ Ադենաուերից և Հելմուտ Կոլից հետո), ով կպաշտոնավարի 4-րդ անգամ՝ մինչև 2021թ: Հատկանշական է, որ եթե աշխարհի ցանկացած երկրի ղեկավարի երկար պաշտոնավարումը եվրոպական քաղաքական շրջանակների կողմից դիտարկվում է «ժողովրդավարության ոգուն» ոչ այդքան համահունչ, Մերկելի՝ 4-րդ պաշտոնավարման ժամկետը նման քննարկումների առիթ չդարձավ:
Մերկելի նման հաջողությունը թերևս ունի իր օբյեկտիվ հիմքերը: Չնայած 2015թ-ին նա հայտարարեց ներգաղթյալների համար «բաց դռների» քաղաքականության մասին, ինչը զգալի հարված հասցրեց նրա քաղաքական հեղինակությանը, այնուամենայնիվ միգրացիոն հոսքերի կրճատումը և միգրացիոն քաղաքականությունում որոշակի խստացումները Մերկելին օգնեցին համեմատաբար վերականգնել իր դիրքերը:
Մերկելի հաղթանակի մեջ, որքան էլ տարօրինակ է, իր ներդրումն է ունեցել նաև «Թրամփի գործոնը»: ԱՄՆ նախագահի պաշտոնում նման «անկանխատեսելի» անձի ընտրությունը և հնարավոր հետևանքների հետ կապված մտավախությունը Եվրոպայում և հենց Գերմանիայում մարդկանց ստիպեցին նորովի վերարժևորել Գերմանիայի դերակատարումը միջազգային հարաբերություններում: Իրավիճակի վրա իր ազդեցությունն է թողնում նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, որը որոշակի մարտահրավերներ է պարունակում ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի համար: Նման պայմաններում հասարակ գերմանացիների համար առավել կարևորվեց կայունության խնդիրը, որը ավելի լավ, քան երեք ժամկետ պաշտոնավարած և Եվրոպայի առաջնորդի համբավ ունեցող Մերկելը, հազիվ թե կարողանա ապահովել:
Անգելա Մերկելի հաջողության երրորդ գործոնը այն իրավիճակն էր, որում գտնվում էր հիմնական մրցակիցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: 2005թ-ից ի վեր ԳՍԴԿ-ն ՔԴՄ-ՔՍՄ-ի հետ ձևավորել է «Մեծ կոալիցիա», ուստի նախընտրական պայքարում սոցիալ-դեմոկրատների համար այդքան էլ հեշտ չէր հանդես գալ կոշտ ընդդիմադիր կամ քննադատողական դիրքերից:
Ո՞րն է հաջորդ քայլը.
Թեև ընտրությունների ընթացքում Մերկելի ղեկավարած ուժը ստացավ առավելագույն ձայներ, այնուամենայնիվ այն չի կազմում մեծամասնություն և բավարար չէ կառավարություն ձևավորելու համար: Խորհրդարանական մանդատները նախընտրական շեմը հաղթահարած ուժերի միջև բաշվել են հետևյալ կերպ՝ ՔԴՄ-ՔՍՄ՝ 246, Սոցիալ-դեմոկրատական կուսակցութուն՝ 153, «Այլընտրանք Գերմանայի համար» կուսակցություն՝ 94, Ազատ դեմոկրատական կուսացկություն՝ 80, Ձախեր՝ 69, Կանաչներ՝ 67 տեղ: Կառավարություն ձևավորելու և կանցլեր նշանակելու համար անհրաժեշտ է առնվազն 355 մանդատ: Ըստ տարբեր կարծիքների՝ ստեղծված իրավիճակում Անգելա Մերկելը ստիպված է նախաձեռնել երեք քաղաքական ուժից կազմված կոալիցիա և բանակցություններ սկսել Կանաչների և Ազատ դեմոկրատների հետ (այն կապահովի 393 մանդատ): Նման կազմով կոալիցիան, որը կուսակցությունների գույների պատճառով արդեն ստացել է «Ճամայկա» անվանումը (սև, կանաչ և դեղին գույները առկա են Ճամայկայի դրոշին), դիտարվում է ամենահավանականը, քանի որ Սոցիալ-դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ չեն գնա ՔԴՄ-ՔՍՄ-ի հետ նոր համագործակցության, իսկ «Այլընտրանք Գերմանայի համար» կուսակցության հետ չի համագործակցի հենց ՔԴՄ-ՔՍՄ-ն:
«Ճամայկա» հնարավոր կոալիցիայի ձևավորումը ևս Մերկելի համար բավական բարդ կլինի և կպահանջի որոշակի ժամանակ՝ հաշվի առնելով տարբեր հարցերի հետ կապված (օրինակ՝ միգրացիա, ԵՄ հետ փոխհարաբերություններ և այլն) երեք ուժերի մոտեցումներում առկա տարբերությունները:
Ամփոփելով կարող ենք նշել, որ չնայած Բունդեսթագի ընտրությունների արդյունքները էական ազդեցություն չեն ունենան Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա, այնուամենայնիվ դրանք որոշակիորեն արտացոլում են ինչպես Եվրոպայում նկատվող քաղաքական դիսկուրսի փոփոխությունը, այնպես էլ ավանդական քաղաքական ուժերի նկատմամբ նկատվող վստահության ճգնաժամը: