Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներին:
«Կողմ է քվեարկել մասնակիցների 92 տոկոսը: Հետո ի՞նչ: Իսկ ո՞վ է ճանաչելու ձեր անկախությունը: Աշխարհը միայն Իսրայելից բաղկացած չէ: Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այ, երբ փականը փակենք, այն ժամանակ էլ ամեն ինչ կավարտվի: Անգամ ուտելու բան չեն կարողանա գտնել», -ասել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Sozcu» լրատվամիջոցին, Էրդողանը Թուրքիայի հանդեպ դավաճանական արարք է որակել հանրաքվեի անցկացումը և նաև նշել, թե կասկածելի են և մասնակցության տոկոսը, և քվեարկության արդյունքները: Թուրքիայի նախագահի համոզմամբ, եթե Բարզանին հետ չկանգնի սխալ ճանապարհից, ապա պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանում կոնֆլիկտներ հրահրած գործիչ»: