ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է իր աջակցության մասին դպրոցական ծրագրում շախմատն ընդգրկելու նախագծին՝ նշելով, որ պետք է օրինակ վերցնել Հայաստանից և շախմատ դասավանդել դպրոցում: «Հայաստանում, օրինակ, շախմատի դասերն ընդգրկված են 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների ուսումնական ծրագրերում: Արդյունքում՝ 6-րդ տեղը Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում, մեծ նվաճումներ ՏՏ ոլորտում»,-հայտարարել է Վասիլևան RT-ին տված հարցազրույցում:
Նախարարը հավելել է, որ նման հաջողությունները շաղկապված են:
«Շախմատն ինտելեկտ է, զարգացում, դրա հետ ոչ ոք չի վիճի: Եվ շատ փոքր ծախսեր: Իսկ գլխավորը՝ մեթոդաբանությունն այնքան լավն է, քանի որ հազարամյակներ է մարդիկ շախմատ են խաղում, որ նույնիսկ այն ուսուցիչը, որը նախկինում շախմատ չի խաղացել, շատ արագ կարող է հասկանալ խաղի հիմունքներն ու սկսել պատրաստել փոքրիկներին: Դա պետք է լինի դպրոցներում»,-ասել է նախարարը: