Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը մտել է ամերիկյան Կոնգրեսի օրակարգ, հաղորդում է «Ազատություն»-ը:
Հանրապետական Քրիսթոֆեր Սմիթի և Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած բանաձևը մասնավորապես կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:
«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց առևանգումները արտասահմանում, ահաբեկման այլ միջոցները՝ ստիպելով լռել իրավապաշտպաներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին», - հայտարարել է կոնգրեսական Սմիթը՝ հավելելով․ - «Ակնհայտ է, որ մեր երկրների միջև կարևոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չեն կարող անտեսվել»: