Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակության անդամների անունները հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: News.am-ի հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, և նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սև ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թուրք քաղաքացիների Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել:
Ղարաբաղ այցելած պատվիրակության ղեկավար, «Անկարայի մտածողության հարթակ» հասարակական կազմակերպության նախագահ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրազն իր հերթն հայտարարել է, որ մինչև Երևան այցելելն ինքը զանգահարել է Բաքվում Թուրքիայի դեսպանատուն և զգուշացրել, որ մտադիր է Ղարաբաղ այցելել: «Կոնկրետ պատասխան չստանալով՝ ես Ղարաբաղ ուղևորվեցի», - պարզաբանել է Ուրազը: Թուրք գործիչը նշել է. «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը երկխոսության պակաս ունենք, մենք պետք է մշտապես շփվենք, որ ինչ-որ եզրակացության գանք»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա նա կարծում է, որ ավելի լավ է այս հակամարտությանը չմիջամտեն ո՛չ Անկարան, ո՛չ որևէ այլ երկիր, քանի որ, նրա համոզմամբ, «ադրբեջանցիները և հայերն ընդհանուր լեզու կգտնեն»: