WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է աշխարհի առաջին համացանցային պատերազմը։ Այս մասին նա գրել է Թվիեթերյան իր միկրոբլոգում, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ասանժը նշել է, որ Կատալոնիայի քաղաքացիներն ու կառավարությունը համացանցն օգտագործում են անկախացման հանրաքվեի կազմակերպման համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնում է հեռահաղորդակցության ցանցերը, գրավում կապի շենքերը ինչպես նաև գրաքննության ենթարկում հարյուրավոր կայքեր։
WikiLeaks-ի հիմնադրի խոսքերով՝ Բեռլինի պատի անկումից հետո՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց ու պետության միջև ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում։
«Ես մեր բոլոր համախոհներին կոչ եմ անում օգնել հայտնաբերել ու շրջանցել Քաղաքացիական գվարդիայի ու Ազգային հետախուզական կենտրոնի կողմից կիրառվող ապօրինի գրաքննության գործողությունները՝ ընդդեմ Կատալոնիայի մամուլի, ընտրողների ու կառավարության», - եզրափակել է Ասանժը։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել, որը Մադրիդը ապօրինի է համարում։