Սեպտեմբերին Նյու Յորքում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հինգ անդամ-պետությունների`Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Կոտ դ'Իվուարի և Նիգերի Հանրապետության կոնտակտային խմբի հանդիպումը:
Հանդիպման արդյունքների մասին հայտարարություններից մեկը արվել է «Ջամմու-Քաշմիրի (Հնդկաստան) վիճահարույց տարածքների» վերաբերյալ: Ինչպես գրում է հնդիկ դիվանագետ Գոպալասվամի Պարտասարատին New Indian Express կայքի իր հոդվածում, հայտարարությունը հիմնված է եղել «պակիստանյան քարոզչության» վրա, իսկ ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց հղվում են կոնտակտային խմբի անդամները, այլևս ակտուալ չեն, գրում է haqqin.az- ը:
Բացի այդ, հնդկական իշխանությունները նշում են, որ ԻՀԿ-ի կոնտակտային խումբը իրավունք չունի միջամտել «Հնդկաստանի ներքին գործերին»:
Հնդիկ դիվանագետը գրում է. «Աշխարհի մեծ մասը չգիտի, թե որտեղ է գտնվում Ադրբեջանը, Կոտ դ'Իվուարը և Նիգերը»: Միևնույն ժամանակ, նա Թուրքիայի նախագահին իսլամիստ է անվանել և մեղադրել այս երկրին նրանում, որ այն «քիթը մտցնում է» այլ պետությունների գործերի մեջ՝ սկսած Ֆիլիպիններից և Մյանմարից, մինչև Սիրիա և Իրաք:
Պարտասարատին հիշեցրել է իր լսարանին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձել է Կիպրոսի՝ թուրքական օկուպացիային և Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալություններին:
Պարտասարատին հայտարարել է, որ Հնդկաստանը կշարունակի անտեսել Պակիստանի ջանքերը ԻՀԿ-ի ակտիվացման ուղղությամբ: