ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփում է ՊՆ-ի վերջին մեկ տարվա գործունեությունը:
«Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով», ասաց նախարարը՝ առանձնահատուկ կարևորություն տալով «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսին:
«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության հետևողական բարձրացումը, այստեղ ունենք 3 ուղղություն, որոնցից առաջինը զենքի, սպառազինության, զինամթերքի խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելն է: Երկրորդը՝ զորքի մարտական պատրաստվածության շարունակական բարձրացումն է, և երրորդը՝ պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն է»,-ասաց նախարարը:
Նա նաև հայտարարեց, որ առաջիկայում պլանավորվում է խոշոր զորամասերում Թումո կենտրոնների բացում:
Նրա խոսքով, տարին եղել է շատ ինտենսիվ նաև պաշտոնական այցերի տեսանկյունից, կատարվել են այցեր ՌԴ, Վրաստան, Իրան, որտեղ ԶՈւ հետ կապված տարբեր խնդիրներ են առկա՝ կապված մատակարարման, տարանցման, փոխգործակցության հետ:
Նա նաև շեշտեց. «Պաշտպանության նախարարությանը հաջողվել է գնումների համար ծախսերի 10 տոկոսը տնտեսել դրանց կարգավորման շնորհիվ: Խնայված միջոցները կուղղվեն պաշտպանությանը: Բանակի մատակարարները պետք է վստահ լինեն, որ գործում են մրցակցային հավասար պայմաններում, իսկ մենք պետք է վստահ լինենք արտադրանքի որակի հարցում»:
«Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»-ընդգծեց Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտահանում իրականացնել, ինչն էլ կնպաստի այդ ճյուղը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար:
Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ «ունենք այնպիսի բաներ, որոնք շատ առաջադեմ են և որոնցով կարող ենք հպարտանալ»՝ նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բանակի համագործակցությունը: