Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկնաբանել է Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Քաղաքացիների տպավորիչ արձագանք: Լեգիտիմություն և արժանապատվություն», - գրել է նա Twitter-ում ` ի նկատի ունենալով քվեարկության արդյունքները:
Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի բնակիչները հասել են ինքնիշխանության: «Այսօր հույսի օր էր, և Կատալոնիայի քաղաքացիները հաղթեցին՝ դառնալով անկախ պետություն», - ասել է նա հեռուստատեսային ուղերձում:
Կատալոնիայի ղեկավարը կոչ է արել Եվրամիությանը չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների ոտնահարումը և Մադրիդի հետ երկխոսության գնալու պատրաստակամություն է հայտնել:
Իր հերթին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ասել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվե տեղի չի ունեցել»: Միևնույն ժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Կատալոնիայում Իսպանիայից անկախություն ստանալու հանրաքվե է անցկացվել, որը Մադրիդն անօրինական է համարում: