Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Սիրիայի քաղաքացին փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքին, Աստվածաշունչը, որի կազմի վրա Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա և այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայությունը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստվածաշունչը՝ առգրավել:
Ըստ աղբյուրի՝ եղնիկի կաշվից պատրաստված և ոսկեզօծ էջերով Աստվածաշնչի մոտավոր արժեքը կազմում է 1 միլիոն 500 հազար դոլար: