Եվրոպան պետք է ընտրություն կատարի շահերի և արժեքների միջև, «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո տեղի ունեցող զարգացումները:
«Խորապես մտահոգված եմ: Այս պահին նպատակահարմար չեմ գտնում ինչ-ինչ վերլուծություններ անել տարաբնույթ շահերի կամ հնարավոր զարգացումների վերաբերյալ: Փոխարենը, աշխարհը և, առաջին հերթին, Եվրոպան՝ իր բոլոր կառույցներով հանդերձ, կրկին կանգնում է շատ կարևոր հարցի առաջ՝ գերակա են շահե՞րը, թե՞ արժեքները: Եվ արժեքների առումով ի՞նչն է հիմքում և առաջնահերթ՝ օրենքի գերակայությո՞ւնը, ինչին բոլոր հնարավոր եղանակներով հղվում են Իսպանիայի կենտրոնական իշխանությունները և անձամբ վարչապետը, թե՞ իրավունքի գերակայությունը, որը դրված է եվրոպական քաղաքակրթության հիմքում… Կարծում եմ այս հարցերը պիտի պատասխան ստանան, և որքան էլ կարող է զարմանալի թվալ, իրավիճակի քաղաքակիրթ հանգուցալուծումն անմիջականորեն կապված է այս հարցերի պատասխանների հետ»,- ասել է Բեքարյանը: