«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու և փողերի լվացման նպատակով», – «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշել է բերել հենց Ադրբեջանը:
Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դևիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր.
«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է և այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները և բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»:
Դևիդսոնի խոսքով, Արևմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արևմուտքը.
«Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաև իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն և կդառնան ազատության և ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»:
Սակայն Արևմուտքն ունի կլեպտոկրատ իշխանավորների վրա ազդելու հզոր գործիք, ընդգծում է Չարլզ Դևիդսոնը, չէ որ սեփական ժողովուրդը թալանած բռնակալներն իրենց միջոցներն ու ունեցվածքը հաճախ պահում են Արևմուտքում: Այդ գործիքը գործի դնելու համար օրենսդիրների և փորձագետների կարծիքով Արևմուտքին և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օրենքով վերացնել shell company կոչվոր քողարկված ընկերությունների գոյությունը, որոնք ստեղծվում են իրական սեփականատիրոջ գաղտնիությունը պահպանելու և ապօրինի ստացված փողերի լվացման նպատակով: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի սենատոր Ուայթհաուզի խոսքով, կարող է կրկնվել մի իրավիճակ, երբ բռնակալի ապօրինի գումարները թույլ են տալիս նրան երկրի ներսում էլ ավելի մեծ ապօրինություններ կատարել.
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի զեկույցի համաձայն՝ այդ գումարով Ադրբեջանը լռություն է գնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 90-ից ավելի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ և լրագրող են բանտ շպրտել՝ քաղաքական մեղադրանքներով»: