Անդորրայում շարունակվում են ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի երկրորդ օրվա զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։
- Տիկի´ն Նաղդալյան, այսօր՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, քննարկվեցին էկոլոգիական անվտանգությանը վերաբերող հարցեր: Որո՞նք էին հայկական կողմի հիմնական շեշտադրումները:
- Այսօրվա քննարկմանը բոլոր երկրների պատվիրակները բավականին կառուցողական և բովանդակային էին խոսում: Իսկապես զգացվեց, որ Եվրոպայի քաղաքական մտքի ներկայացուցիչները հավաքված են այստեղ հնչեցնելու իրենց մտահոգությունը և գտնելու ուղիներ՝ կանխելու համար մեր մոլորակի վրա տեղի ունեցող էկոլոգիական աղետները:
Քննարկվող թեմայի վերաբերյալ բավականին ակտիվ հանդես եկան նաև մեր պատվիրակները: Ելույթ ենք ունեցել ես և Տիգրան Ուրիխանյանը: Ներկայացրել ենք բնապահպանական քաղաքականության, էկոլոգիական բաղադրիչի վերաբերյալ մեր մոտեցումները՝ շեշտելով, որ Հայաստանի համար այս հարցը գերակայություն է: Մենք նաև նշեցինք, որ ունենք օրհուսյան կենտրոնների բավականին լուրջ ցանց: Խոսեցինք այն մասին, որ էկոլոգիական անվտանգության հետ կապված բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել, այդ թվում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ, ու թեև հիմա այդ գրասենյակը փակվել է, մենք ԵԱՀԿ-ի հետ համատեղ գտնելու ենք ուղիներ՝ այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնելու համար:
Հատկապես առանձնացրեցինք այն հանգամանքը, որ բնապահպանական աղետները չեն ճանաչում ոչ սահմաններ, ոչ էլ կոնֆլիկտային տարածքներ, ինչն առավել շատ է պարտադրում պետություններին և այլ միավորներին լինել ավելի համագործակցային, որպեսզի կարողանանք արմատախիլ անել բնապահպանական աղետները և նրանց հետևանքները: Այս առումով ԵԱՀԿ-ն համարում ենք շատ լավ հարթակ, որը կարող է իր էական դերն ունենալ, այդ թվում՝ կոնֆլիկտային տարածքներում: Մենք կոչ արեցինք, որ փոխադարձ և անհիմն մեղադրանքների փոխարեն պետք է կենտրոնացնել ջանքերը համատեղ բնապահպանական ծրագրերի իրականացման վրա, որոնք կարող են առավել լիարժեք դարձնել փոխվստահության միջոցների ձևավորումը, ինչպես նաև նպաստել մարդկանց միջև անդրսահմանային շփումներին:
Պարոն Ուրիխանյանն իր խոսքում անդրադարձավ ջրային ռեսուրսների հետ կապված հարցերին, բնապահպանական խնդիրների վերաբերյալ անդրսահմանային համագործակցության կարևորությանը, ինչպես նաև այդ ոլորտում առկա մտահոգությունները համատեղ գործունեությամբ, համատեղ ծրագրերով չեզոքացնելու անհրաժեշտությանը:
Հատկանշական էր, որ պարոն Ուրիխանյանը խոսեց նաև Թուրքիայի կողմից Արաքսի վրա ջրամբարների կառուցման մասին՝ հնչեցնելով մեր մտահոգությունը միակողմանի գործունեության վերաբերյալ: Հայկական կողմը կոչ արեց Թուրքիային ԵԱՀԿ ձևաչափում այդ հարցով Հայաստանի հետ մտնել երկխոսության մեջ:
- Իսկ ինչպիսի՞ ակտիվություն է ցուցաբերում ադրբեջանական պատվիրակությունը:
- Նման բովանդակային քննարկման և առկա աշխատանքային մթնոլորտի ֆոնին այդ երկրի պատվիրակությունը, կարծես թե, ստիպված պահպանեց կառուցողականությունը և նույնպես հանդես եկավ որոշակի առաջարկներով, որոնք վերաբերում էին ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությանը:
Նշեմ նաև, որ ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողը՝ պարոն Ռալֆ Էրնստը, ամփոփելով այսօրվա աշխատանքներն ու քննարկումները, ամենակարևորը համարեց հենց այն առաջարկները, որոնք հնչել էին մեր ելույթներում: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի հարթակ հանդիսանալ բնապահպանական, տնտեսական և այլ համատեղ գործունեության համար: Նա ԵԱՀԿ գործունեության հիմնական առանցքը համարեց հենց աշխատանքը և ծրագրերի իրականացումը կոնֆլիկտային տարածքներում՝ հատկապես անդրադառնալով նրան, որ այդ տարածքներում ապրող մարդիկ զրկված են բավական շատ ռեսուրսներից, հնարավորություններից, զրկված են ոչ միայն ինչ-ինչ ռեսուրսներ օգտագործելու իրենց իրավունքներից, այլ նաև իրենց ձայնը բարձրացնելու և մտահոգությունները հնչեցնելու, միջազգային հարթակներում իրենց կարծիքը հայտնելու հնարավորությունից:
Ամփոփելով՝ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկմանը մեր պատվիրակությունը, բնապահպանական ոլորտում խնդիրները ներկայացնելով, կարողացավ դիվանագիտական և նուրբ ձևով հնչեցնել բոլոր այն կարևոր ուղերձները, որոնք անհրաժեշտ էինք համարում՝ դրա հետ միասին լինելով շատ կառուցողական և բովանդակային: Կարծում եմ, որ այսպիսի քաղաքականությամբ, այսպիսի մարտավարությամբ պետք է շարունակենք նաև մեր պատվիրակության հետագա աշխատանքները: