Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ՝ 87 «կողմ», 7 «դեմ» հարաբերակցությամբ, ընդունվել է ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, փոխանցում է PanArmenian-ը:
Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ԱԺ-ում հայտաարրել էր, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում: Նա հավելել է, որ համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում: