Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կալանավորված աշխատակիցը գրանցված չի եղել դիվանագիտական առաքելության աշխատակիցների ցանկում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին, ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուի հայտարարության մեջ:
«Մենք տեսել ենք Անկարայում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ կապված մեր քաղաքացու կալանավորման հետ: Դրանում ասվում է, որ վերջինս Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից է: Ահաբեկչական գործունեության կասկածանքով սեպտեմբերի 25-ին ձերբակալված, ապա կալանավորված այդ անձն ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների պաշտոնական ցուցակում գրանցված չի եղել և չունի որևէ դիվանագիտական աստիճան», - ասվում է փաստաթղթում:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ գլխավոր հյուպատոսության կալանավորված աշխատակցին ներկայացված մեղադրանքները հիմնավոր չեն և վնաս են հասցնում թուրք-ամերիկյան երկարամյա գործընկերային հարաբերություններին: