Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվան նվիրված կազմակերպված «Բերքի տոն»-ին, իրենց ազգային ուտեստներով ներկայացել են Արցախում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հնդկաստանից Արցախ Սանդիկ Սին Սհալիվալը տեղափոխվել է մեկ տարի առաջ, երբ համացանցով ծանոթացել է Հասմիկ Դանիելյանի հետ, ապա ամուսնացել է նրա հետ և մշտական բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Բերքի տոնին Սանդիկն ու Հասմիկը ներկայացրել են հնդկական ազգային կերակրատեսակներ՝ կաթնային խմորեղեն, բամիայով կերակրատեսակ և ջելաբի: Հասմիկը նշում է, որ Սանդիկը հաճույքով է համտեսում նաև արցախյան կերակրատեսակները, հատկապես ժենգյալով հացը, իսկ վերջերս անգամ սովորել է պատրաստել կուրկուտ:
Ասորական ազգային կերակրատեսակները ներկայացրել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում ապրող Կարինե Պիրոյեվան: Նա նշել է, որ ներկայացրել է ասորական մութուխա քաղցրավենիքը, որը պատրաստվում է միայն տոն օրերին: Ասորիները այն համարում են նշխարք և բաժանում են տնից-տուն: