Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ երրորդ փուլում նոր նախագահի պաշտոնում է ընտրել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին: Նրա օգտին քվեարկել է 132, իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր:
Նշենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է հենց Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Կիրիակադիսը հանդիսանում է Կիպրոսի ժողովրդավարական հանրահավաքների կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր: ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության անդամ է 2016 թվականի հուլիսից, իսկ մինչ այդ՝ 2012 թվականի հունվարից, եղել է ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության փոխարինող անդամ: Նա գլխավորում է ԵԽԽՎ Առողջության, սոցիալական հարցերի և կայուն զարգացման հանձնաժողովը:
Կիրիակադիսը հանդիսանում է Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման խնդիրների և Եվրոպայում սոցիալական օգնությանն երեխաների հասանելության մասին զեկույցների հեղինակ:
Կիրիակադիսը կպաշտոնավարի մինչև 2018 թվականի հունվարին կայանալիք ընտրություններ: Այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ կընտրվի մեկ այլ քաղաքական խմբի ներկայացուցիչ: