Թուրքմենները թույլ չեն տա, որ Քիրքուքը մնա իրաքյան քրդերի ձեռքում: Այս մասին հայտարարել է Իրաքի շիական «Հաշդի Շաբի» խմբավորման կազմում կռվող թուրքմենների ջոկատի հրամանատար Յըլմազ Նեջջարը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Նեջջարը Բաղդադում թուրքական «Dogan haber» գործակալության հետ զրույցում խոսել է իրենց հետագա անելիքների և նպատակների մասին: Նա մասնավորապես ասել է, որ Քիրքուքը քրդերի ձեռքից վերցնելու համար իրենք պատրաստ են «արյուն թափել»:
Նա ասել է, որ Քիրքուքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցում իրենք բանակցությունների մեջ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:
Խոսելով թուրքմենների և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին, նա մասնավորապես ասել է.
«Մենք Թուրքիային համարում ենք մեր մերձավորը, որովհետև մենք էլ, իրենք էլ թյուրք ենք: Այդ տեսանկյունից ակնկալում ենք անհրաժեշտ օգնություն ստանալ: Մասնավորապես ցանկանում ենք այնպիսի օգնություն ստանալ, որով կկարողանանք վերահսկողության տակ վերցնել սահմանները: Այստեղի նավթային պաշարներում մենք ունենք մեր բաժինը, սակայն ոչ մի բան չենք ստանում: Բնական է, որ մենք օգնություն ենք խնդրելու Թուրքիայի զինված ուժերից»:
Նշենք, որ ներկայում նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը մտնում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացվել: