Կատալոնիայի իշխանությունները որոշել են հետաձգել անկախության հռչակումը՝ Մադրիդի հետ բանակցություններ սկսելու նպատակով: Մադրիդն, իր հերթին, կոչ է անում կատալոնացիներին կողմնորոշվել անկախության հռչակման հարցում և վերջ տալ անկայունությանը:
Գործընթացի մեկնարկից ի վեր բավական կանխատեսելի էր, որ Կատալոնիայի վերջնական նպատակը ոչ այնքան անկախանալն է, որքան ինքնավարության ավելի բարձր աստիճան ստանալը: Այս առումով կրքերն ավելի շատ թեժացրեց պաշտոնական Մադրիդի չափազանց կոշտ արձագանքն ու բռնության կիրառումը:
Այսօր Բարսելոնան չի առաջնորդվում առավելապաշտական նկրտումներով՝ նախընտրելով բանակցությունների սեղանի շուրջ նստել Մադրիդի հետ և քաղաքակիրթ երկխոսության միջոցով հաղթահարել առկա տարաձայնությունները: Կատալոնիայի նման որոշման վրա բավական մեծ ազդեցություն ունեցավ նաև ԵՄ «անտարբերությունը», իսկ ավելի ճիշտ՝ հայտարարություններն առ այն, որ դա Իսպանիայի ներքին հարցն է և պետք է լուծվի Մադրիդի և Բարսելոնայի միջև խաղաղ երկխոսությամբ: Բրյուսելը հստակ հասկացրեց, որ չի ողջունում Կատալոնիայի անկախացումը և չի խոստանում անդամակցություն Եվրամիությանը: Դա զգալիորեն թուլացրեց կատալոնացիների ոգևորությունն ու ստիպեց հնարավոր զարգացումների նկատմամբ առավել պրագմատիկ մոտեցում ցուցաբերել:
Կատալոնիայի նման որոշման վերաբերյալ դատողություններ անելու և ինքնորոշման իրավունքի իրացման այլ դեպքերի, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի հետ զուգահեռնեռ անցկացնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Կատալոնիայի անկախացման ձգտումը թելադրված չէր անվտանգության նկատառումներով: Իսպանիայի կազմում Կատալոնիան ֆիզիկական գոյության որևէ սպառնալիքի չի եղել և չկա, ինչն էլ հնարավոր է դարձնում այսօր Իսպանիայի կազմում մնալու շուրջ բանակցությունները: Նմանատիպ իրավիճակի հետ գործ ունենք նաև Իրաքի Հանրապետություն-Իրաքյան Քրդստան հարաբերություններում:
Ստեղծված իրավիճակում հաջորդ քայլն, ամենայն հավանականությամբ լինելու է բանակցային գործընթացի մեկնարկը և Կատալոնայի անկախացման հռչակումից հրաժարման դիմաց ինքնավարության լիազորությունների շրջանակների առավել հստակեցման գործընթացը: