Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. Միասնության ուժը» ծրագիրը, հայտնում է Արցախպրեսը: Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ ծրագրի նպատակն է կազմակերպել այցելություններ հանրապետության բոլոր շրջաններ, ՊԲ տարբեր զորամասեր: Շրջանների դպրոցներում կկազմակերպեն նաև ինտելեկտուալ խաղերի մրցույթ, և լավագույնը ճանաչված թիմերը կմասնակցեն «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ խաղին՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Պրոռեկտորի խոսքով՝ բուհ-դպրոց կապը սերտացնելու համար ծրագրի շրջանակում նախատեսում են ձևավորել նոր համագործակցություն:
«Մեկնարկը տրվել է Քաշաթաղի շրջանում, որտեղ ԱրՊՀ ուսանողական խորհրդի անդամները Բերձորի՝ Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ապա այցելել են շրջկենտրոնի երեխաների խնամքի թիվ 2 հաստատություն, ծանոթացել պայմաններին, ներկայացել համերգային ծրագրով»,- ասել է Վ. Յարամիշյանը և հավելել, որ հաջորդ այցը պլանավորվում է հոկտեմբերի 14-ին, Շահումյանի շրջան: